ՈՉ ԹԵ ՈՒՄ, ԱՅԼ ԻՆՉ ՈՒՆԵՆՔ
Աշխարհահռչակ սուզալողորդ, 1976-ի երևանյան ողբալի միջադեպի ժամանակ ջրասույզ եղած տրոլեյբուսից 20 մարդու կյանք փրկած ՇԱՎԱՐՇ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻՆ նվիրված «20՛» կինոնախագծի կապակցությամբ Հայաստանի ազգային կինոկենտրոն-Արտակ Իգիթյան ոչ այնքան վաղ ժամանակներում եղած հեռակա փոխհրաձգությունը թե չի էլ ավարտվել, առնվազն մտել է որոշակի սպասումների ներքին փոթորկումների հուն, եթե, իհարկե, նախագծի հեղինակի չափազանց ինտելիգենտ բարձրաձայնումները կարելի է փոխհրաձգության մաս դիտարկել կինոկենտրոնի կատաղի դիմադարձման կողքին, որի հիմքում շմիրզախանյանական՝ ստով ու կեղծիքով առլեցուն ծանոթ ձեռագիրն է։
Ասում ենք՝ հեռակա, քանզի կինոկենտրոնի կողմից նախագծի մերժման առիթով կինոնախագծի հեղինակ, պրոդյուսեր, կինոռեժիսոր Ա. Իգիթյանը փորձել էր բաց նամակով իր առարկումներով, մտահոգություններով ու առաջարկներով կիսվել երկրի վարչապետի, ՀՀ ԿԳՄՍ նախարարի հետ, մինչդեռ դուրսպրծուկի հանգույն, իր «անառարկելի» փաստարկներով, իրեն կրկին մեյդան էր գցել շմիրզախանյանական կինոկենտրոնը՝ այս անգամ արդեն մե՛զ պարտադրելով իր «անառարկելի» փաստարկները հատ առ հատ քննության առնել՝ հերթական անգամ ցուցանելով, թե ի դեմս Շուշանիկ Միրզախանյանի, ոչ թե ում, այլ ի՛նչ ունենք կինոկենտրոնի ու հայ կինոյի գլխին, որքան էլ այդ ստի ու կեղծիքի տոպրակը ժ/պ է իր այդ որակում։
Կ.Ղ.-ԻՆ ՀԱՎԵԼԵԼՈՒ ԵԿԱԾ «ԿԻՆՈԳԵՏՆ» ՈՒ «ԽՈՐԱԳԵՏԸ»
Նկատի ունենալով նախագծի հեղինակին՝ շմիկյան կինոկենտրոնի կայքը գրում է. «…մտածված հանրայնացրել է միայն մեկ փորձագետի՝ Կարեն Ղազարյանի տված եզրակացությունը»՝ իրականում Կ.Ղ.-ի անձի այս հիշատակմամբ երկրո՛րդ անգամ նրան փուռը տալով, որովհետև մինչև մյուս երկուսին անցնելը, զուտ պրոֆիլակտիկ նպատակով ստիպված ենք իր ողջ հմայքի մեջ նորից հիշել մեր այս քաջարի փորձագետին։
Ա. Իգիթյանի կողմից Կ.Ղ.-ի օրինակի վրա ծանրանալն ակնհայտորեն արվել է այն մտայնությամբ, որ վերջինիս գրածի բացառիկ, նմանը չունեցող անգրագիտությո՛ւնն է դիտվել առավել տիպական օրինակ ու առարկայական վկայում այն բանի, որ փորձագետն իրեն սցենարը կարդալու նեղությունն անգամ չի տվել։ Սա՛ է փաստը, ու փոխանակ փորձելու եղածը հնարավոր ամեն կերպ կոծկել, թե չի էլ ստացվում, գոնե որպես ցավալի թյուրիմացություն ներկայացնել Շավարշ Կարապետյանին որպես Չաուշ Կարապատյան հիշատակելու խայտառակությունը, կինոկենտրոնի «հավաքական միտքը», որն ակնհայտորեն ուժեղացվել է կինոմիությունից հրավիրված մեկ այլ «մասնագետի» տվայտանքներով, շմիկյան կինոկենտրոնը դեռ մի բան էլ մուննաթ է գալիս «դժվար թե որևէ մեկը կասկածի, որ Կ. Ղազարյանը չի ճանաչում Շ. Կարապետյանին» հակադարձումով (կարծես ինչ-որ մեկը զենք էր քաշել փորձագետի վրա՝ պարտադրելով իմացածը դիտավորությամբ սխալ գրել)։
Տեսականորեն մենք չենք բացառում, որ Կ.Ղ.-ն կարող է իմացած լինել, ավելին, անգամ ճանաչել Շ. Կարապետյանին, սակայն ինչպես տեսական, այնպես էլ գործնական մակարդում ցանկանանք էլ, չենք կարող ընդունել, որ նա՝
ա) սցենարը կարդացել է ու կարդացածի վերաբերյալ է եզրակացություն տվել,
բ) կարդացել է ու իրապես հասկացել, գիտակցե՛լ, որ կարդացածը Շավարշ Կարապետյանի մասին է, այլապես ի՞նչ տրամաբանությամբ այդ լեգենդար մարդուն, ում աշխարհում մարդ չմնաց, որ չիմանար ու չհիանար արածով, պիտի նրա հայրենիքում հայտնվեր մեկն ու հիշատակեր որպես Չաուշ Կարապատյան։
Մեզ մնում է միայն փառք տալ Աստծուն, որ Կ. Ղազարյանի չիմացությունից ու այդ չիմացության հուշումից դասեր առած շմիկյան կինոկենտրո՛նը գոնե չի կրկնում իր վարձակալած փորձագետի սխալն ու լեգենդար հայորդու անուն-ազգանունը ճիշտ է բարձրաձայնում, թեպետ ի պաշտպանություն Կ.Ղ.-ի հնչեցրած «դժվար թե» առարկմանը, ստիպված ենք պատասխանել՝ ի՞նչ է, չճանաչելը պոզով-պոչո՞վ է լինում։ Այնպես որ երբ կինոկենտրոնը փաստում է, թե «ի վերջո, այդ վրիպումը չի փոխում հիմնավորում-եզրակացության բովանդակությունը», ձեր կարծիքով նման պահվածքը փոխու՞մ է որևէ մեկի համոզմունքը, որ Կ.Ղ.-ն սցենարը պարզապես չի կարդացել, իսկ որ ամենացավալին ու ամենասարսափելին է, հանձնաժողովականը պարզապես պատվեր է կատարել (հանձնաժողովների կազմավորման, մեղմ լինենք, արատավոր սխեմայի մասին մեր հրապարակումներից մեկում բավարար հիմնավոր ենք եղել, ուստի հարցն այդ մասով շրջանցենք)։
Թողնենք, իր ծանր խոհերի մեջ հանգիստ թողնենք կեղտոտ խաղերի մեջ գուցե թե ակամայից, իսկ գուցե թե լավ էլ իմացությամբ ներքաշված սույն փորձագետին, որի հետ շմիկյան կինոկենտրոնը վարվել է մեկանգամյա օգտագործման պարագաների ծանոթ օրինակով, ու դառնանք մյուս երկուսին, որոնց մարտադաշտ է հանել նույն բացառիկ կշռադատվածությամբ ու նույնպես փուռը տալու ակնհայտ դիտավորությամբ, որովհետև Շ. Միրզախանյանի համար որքան, պատկերավոր ասած, ջուրը նեխած է, այնքան ինքը պաշտպանված է իր թիկնազորի ավելացող քանակով։
«САМ НАПРОСИЛСЯ»
«Հերոսին ֆիլմ ձոնեն, որ ի՞նչ անեն» հրապարակումում շմիկյան կինոկենտրոնի հանձնաժողով հորջորջված փորձագիտական խմբի իմացականի մասին ամբողջական կարծիք կազմելու համար Կ.Ղ. փորձագետի օրինակը, հայտնած կարծիքի անկապությունն ու անհեթեթությունը համարելով միանգամայն բավարար, մյուս փորձագետների առնչությամբ ասելիքում եղել էինք հնարավորինս ընդհանրական։ Սակայն այս պարագայում, ինչպես տեսնում եք, շմիկյան կինոկենտրոնն է դրդում լինել առավել բացախոս։ Նման դեպքերի համար ռուսները մի լավ արտահայտություն ունեն. «Сам напросился»։ Հիշենք այն՝ ասելով՝ ձեր մեղքը ձեր վիզը ու գնանք առաջ։
Այդ փորձագետներից մեկը լենինյան հեղափոխության հետ առնչված ու կինոյական սերում ունեցող իր ազգանվան հետևում վարպետորեն թաքնվող բացառիկ «գիգանտ» է, կինոյի աշխարհում հայտնի դեմք նաև կոլեկտիվ նողկանքագրերի տակ ստորագրություն դնելու իր պատրաստակամությամբ (ինչ կարող ես անել՝ 1937-ի հարուստ ժառանգությունը մնում է հարուստ ժառանգականություն), իսկ նրա պրոֆեսորական գիտելիքների մասին ամբողջական պատկերացում կարող եք կազմել կորոնավիրուսային այս օրերին երեխաների ազատ ժամանակը մուլտերով լցնելու ծրագրում անիմացիոն ֆիլմերի մասին այդպես էլ երկու հոդաբաշխ նախադասություն իրար կողք դնելու անզորությունից, ու որտեղ պրոֆեսորին փրկողը եղել է մուտքային խոսքում փոքրիկներին մամայի տվա՞ծ, թե՞ թխած բուլկին անպայման ուտելու խորհուրդը, որի դաստիարակչական նշանակությունը բոլոր դեպքերում եկեք չթերագնահատենք, մանավանդ որ դիտելիքից փոխանցելիք գիտելիքը զրոյական մակարդակի է եղել։
Դառնալով Ա. Երզնկյանի տված փորձագիտական եզրակացությանն ու ավելորդ մանրամասների մեջ չմտնելով՝ հիշատակեմ նրա երկու դիտարկումը, որոնք այդ հանձնաժողովների գրպանային, ձեռնասուն լինելու մասին են վկայում նաև։ Մասնավորապես ինչպե՞ս հասկանալ մեր «կինոգետ» պրոֆեսորին, երբ մի կողմից կինոնախագծի հերոսին հիշում է որպես ազգային հերոսի ու սցենարին, որը մտահղացման մասով իր իսկ նշած ազգային հերոսի մասին է, տալիս է կինոնախագծի անցողիկությունը չապահովող ցածր գնահատական։
Մի՞թե այս ինքնահակասման մեջ պատվեր կատարելու միտումնավորությունն ակնհայտ չէ։ Սա՝ մեկ։
Երկրորդ՝ այդ ի՞նչ է հասկանում մեր «կինոգետ» պրոֆեսորը, երբ սևով սպիտակի վրա գրում է. «...ներկայացվում է հնաոճ մեթոդներով»։
Հիշելով հայտնի անեկդոտը, թե ամեն ինչ թողած, հիմա քեզ համար թիթեռ նկարե՞մ, կինոնախագծի հեղինակը «կինոգետին» նրա այդպես էլ ընկալած, թե չընկալած «հնաոճ մեթոդների» գործադրումը պիտի բացատրեր անցած դարի 70-ական թվականների իրականության վերարտադրման հրամայականո՞վ, թե՞ այնուամենայնիվ հույս պիտի ունենար, որ «կինոգետ» Ա. Երզնկյանը պարտավոր էր տարրական գաղափար ունենալ պատմական ժամանակաշրջանի վերհանման նրբություններից, դրա համար կիրառվող հնարքներից։
Ինչ վերաբերում է երրորդ փորձագետի՝ Վահրամ Մարտիրոսյանի հայտնած կարծիքին, դրան մի փոքր դրվագով («չկա սյուժետային հստակ գիծ, որի զարգացմանը հանդիսատեսը հետևի») մենք անդրադարձել են մեր «Հերոսին ֆիլմ ձոնեն, որ ի՞նչ անեն» հրապարակումում՝ հիշեցնելով իր սցենարով ամբողջ 13 տարի ստեղծվող ու այդպես էլ չամբողջացող «Սողանք» կինոնկարը՝ դրա չամբողջացման պատճառը զուտ խնայելու առումով ու թեական հարցադրմամբ դիտելով ոչ միայն սցենարում եղած հստակ սյուժետային գծի բացակայության, այլև ռեժիսորի (ի միջի այլոց՝ նույնպես նողկանքագրերի տակ ստորագրություն դնելու մեջ հմտացած) բացառիկ ապաշնորհության մեջ՝ սույնով կինոնկարի ձախողման բեռը հավասարապես բաշխելով ֆիլմի ռեժիսոր-սցենարիստ զույգի վրա, որ ծանրությունը շատ «կզացնող» չլինի (դիտավորությամբ չեմ օգտագործում «կռացնող» բառը)։ Եթե ուշադիր եղաք, «Սողանքին» տրված գնահատականն ամբողջությամբ «20՛» կինոնախագծին տրված վմարտիրոսյանական տեքստ-գնահատականն էր կամ տեքստ-գնահատականից էր, ինչի առիթով ռուսական մի ասացվածք հիշատակեմ, սակայն հայերեն թարգմանությամբ՝ սկզբում դնելով «այնպես որ» բառակապակցությունը. «ՈՒմ կովը բառաչի, քո կովը թող չբառաչի»։
Վ. Մարտիրոսյանի առնչությամբ այսքանով բավարարվենք, մանավանդ որ իր հարցազրույցում Ա. Իգիթյանը ֆիլմում պատկերելիք ժամանակաշրջանի ու դրա բնութագիրը պայմանավորող տարրերի մասին մի երկու պարզ, ուսուցողական հուշում է արել նրան, ով խուսափելով թող որ պարզունակ զիտագիտայականությունից, հերթերի մեջ հավանաբար քիչ ծամանակ չի ծախսել, զորօրինակ, «Ծաղիկը փոշու մեջ» կամ «Սերը՝ Քաշմիրում» կինոնկարների տոմսերը ձեռք գցելու համար՝ նույնքան հավանաբար չիմանալով նույն հնդկական կինոարտադրության «Պարոն 420» կամ «Թափառաշրջիկը» կինոնկարների գոյության մասին։
ԲԱՐԵՎ ՁԵԶ, ԵՍ ՁԵՐ ՄՈՐ... ԵՂԲԱՅՐՆ ԵՄ
Ինչ վերաբերում է կինոկենտրոնի նախկին տնօրենի կողմից «20՛» կինոնախագծին 2012 թ. տրված փաստաթուղթը թիրախավորելուն ու դրա մեջ «ֆիլմերի պետական ֆինանսավորման արատավոր սխեմա» տեսնելուն, այստեղ շմիկյան կինոկենտրոնը պարզ ցուցանում է իր ժ/պ-ի ունեցած վախերը, որոնցից մեկի՝ «Սուսերով պարի» առնչությամբ քրեական գործ կա հարուցված ու որի կապակցությամբ թող իր լացը լա, թե ինչ պատասխան է տալու մասնավորապես այն առիթով, թե ինչ է հասկանում նույն երևույթի մասին պետական երկու մարմինների մի դեպքում պետպատվեր, մյուս դեպքում պետական ֆինանսավորում ասելով ու ակնհայտ դիտավորությամբ հնարավոր շփոթի մատնելով։
Փակագծերը հիմա չեմ բացում, սակայն համապատասխան աջակցության կարգով, ում որ հարկն է, անհրաժեշտ մեթոդական օգնությունը ցույց կտամ։ Այնպես որ, տիկին Շուշիկ, բարև ձեզ, ես ձեր մոր... եղբայրն եմ։ Սակայն մինչև ձեր մոր... եղբայր լինելու վերջնական հավաստումս հավաստելը, ուզում եմ, մի փոքր էլ, կրկնվելու տագնապն ունենալով, հարց տալ՝ եթե թիրախավորում եք «20՛» կինոնախագծին կինոկենտրոնի նախկին տնօրենի տված փաստաթուղթը, որը կենսական ուժ է ունեցել այնքանով, որքանով այլ երկրներին, կառույցներին հավաստել է նախագծին մասնակից լինելու կինոկենտրոնի պատրաստակամության մասին ու այդ թիրախավորումը մանկամտորեն զենք դարձրած հաղթ հայտարարում՝ «սա է եղել ֆիլմերի պետական ֆինանսավորման արատավոր սխեման։ Տասնյակ տարիներ այսպիսին է եղել Հայաստանի ազգային կինոկենտրոնի «արդյունավետ և լավագույն» կառավարումը։ Այսօր այդ արատավոր սխեման այլևս չի գործում», ուզում եմ մի շատ պարզ հարց տալ. «Միրզախանենց Շուշիկ, որ այդպես խրոխտ խոսում ես կինոկենտրոնում եղած արատավոր սխեմայից, նախկին տնօրենի օրոք տեղակալ աշխատածին այդ ի՞նչ ազնիվ գրգիռներով ես նույն կարգավիճակով գրկումդ պահում այդքան ջերմեռանդությամբ։ Եթե այդ մասին մինչև հիմա չմտածելու միամտություն ես ունեցել, հուշող հարց եմ տալիս բացառապես քո լավը ցանկացող հարազատ քեռու կարգավիճակով»։
Եվ այդուհանդերձ ասելիքս ավարտեմ՝ դարձյալ անդրադառնալով փորձագետներին, սակայն այս անգամ ոչ շմիկյան կինոկենտրոնի։ Իրենց փորձագետների մակարդակով ու ներկայացմամբ տեսնելով «20՛»-ի հեռանկարայնությունն ու վարձույթայնությունը, նախագծի իրականացմամբ հետաքրքրված են ուկրաինական «Սելենա Ֆիլմզ Փրոդաքշնը», ֆրանսիական «STEPHAN FILMS»-ը, ռուսական գործարար շրջանների մի շարք հեղինակավոր անհատներ ու ընկերություններ՝ պատրաստ լինելով մի քանի հարյուր միլիոն դրամի ներդրումների։ Խնդիրն անհարկի չմանրելով՝ ահա սա է նրանց ու շմիկյան կինոկենտրոնի «ֆանտաստիկ» պրոֆեսիոնալ փորձագետների տարբերությունը, որոնք կարդացած թե չկարդացած սցենարների համար, հետին թաթերի վրա նստած, սպասում են շմիրզախանյանական վճարումներին։
Ի միջի այլոց՝ կինոյի փողերից արվող վճարումներին։
Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ